Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ վարչապետի ԱԱԾ-ում նյութերի ոչնչացման մասին հայտարարության մասին․

«Ծառայողական քննություն է ընթանում և ծառայողական քննության մասին ավել բան ես չեմ կարող ասել։ Քննության ավարտից հետո նյութերին կտրվի գնահատական և դրանք կուղարկվեն, կարծում եմ, Հատուկ քննչական ծառայություն, և եթե կլինի հանցակազմ, կհարուցվի քրեական գործ և կտրվեն բոլոր գնահատականները»,- գրում է «Ազատություն»-ը։

Հարցին, թե արդյո՞ք Գեորգի Կուտոյանը պատասխանատվության ենթարկվելու է, ԱԱԾ տնօրենն արձագանքել է.

«Ես այս պահին նման հարցի չեմ կարող պատասխանել, մինչև չլինի ծառայողական քննության ավարտը։ Որևէ մեկը այս հարցին չի կարող պատասխանել»։

Արթուր Վանեցյանը անդրադարձել է նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորին, ում վերջերս Հայաստանի սահմանապահներն արգելել էին մուտք գործել երկիր։ Մուստաֆա Նայեմին ասել էր, որ դա եղել է Ռուսաստանի պահանջով, քանի որ այնտեղ նա «անցանկալի անձ» է։ Վանեցյանը, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանի պահանջով չի եղել ոչինչ.

«Դա ակնհայտ սուտ տեղեկատվության տարածման արդյունքում է ստացվել, որ Ուկրաինայի պատգամավորը Ռուսաստանի պահանջով է եղել։ Նման բան չկա իրականության մեջ։ 2015թ-ին Մուստաֆա Նայեմը օտարերկրացիների մասին օրենքի համաձայն ընդգրկվել է Հայաստանում որպես անցանկալի անձ և նրա մուտքին արգելք է դրվել։ Դա որևէ կապ չունի Ռուսաստանի հետ։ Դա եղել է ՀՀ 2015թ-ին ԱԱԾ տնօրենի որոշման համաձայն։ Երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն, շատ մեծ քանակությամբ քաղաքացիների մուտքը, որ արգելափակված էր Հայաստան, բացվել է։ Երեսուն հազարից ավելի մարդկանց մասին է խոսքը, որոնք հանվել են այդ ցանկից։ Տեխնիկական վրիպակ է եղել և Մուստաֆա Նայեմը մնացել է այդ ցուցակում։ Բայց ինձ, երբ զեկուցել էին, որ նման դեպք է եղել, անմիջապես հարցը հարթվել է և Մուստաֆա Նայեմը մուտք է գործել Հայաստան։ Ռուսաստանի կողմից որևէ ազդեցություն չկա»։