Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվել է՝ քանի կովկասյան ընփառյուծ կա Հայաստանում։ Էրիկ Գրիգորյանն ասել է, որ ըստ մոնիթորինգի տվյալների՝ 8-12 կովկասյան ընձառյուծ կա։

«Մի քանի առանձնյակներ կան բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Արևիկ ազգային պարկում ու խոսրովի արգելոցում կան կովկասյան ընձառյուծներ։ Խոսրովի արգելոցում արդեն մեկ տարի է հաստատվել է մեկ ընձառյուծ»,- ասել է նա։

Էրիկ Գրիգորյանն առաջարկել է 100 մլն դրամ սահմանել կովկասյան ընձառյուծի որսի տուգանքը։

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն առաջարկել է մինչև 5 տարի ժամկետով արգելել որսը, որպեսզի կենդանիների պոպուլյացիաները վերականգնվեն: Նա առաջարկել է արգելել որսորդական փամփուշտների ներմուծումը: Վանեցյանը պատմել է, որ ժամանակին ինքն էլ է որսորդ եղել, սակայն մի քանի տարի է՝ դադարեցրել է դրանով զբաղվելը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է Վանեցյանի առաջարկին և ասել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նույնպես համաձայն է.

«Կենտանիների ու թռչունների համատարած ոչնչացում է: Ամեն շարժվող կենդանու ուղղությամբ կրակում են»: