ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը: Օրենքով սահմանված արգելքներն ուժի մեջ են մտնելու 2020թ-ի մայիսի 1-ից:

Նախագծով արգելվում է ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում, ծխախոտի հատով վաճառքը, ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտի փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ:

Արգելվում է ծխախոտի վաճառքը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների ներսում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա` բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, նախադպրոցական, հանրակրթական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա, մանկապատանեկան հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում, թատերահամերգային, թանգարանային, գրադարանային և ժամանցային կենտրոններում, կինոթատրոններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքների ներսում, մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների):

Օգտագործումն արգելվում է փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա, մանկապատանեկան մարզական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա, համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակների տարածքներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում, այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների, hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները):

Օգտագործումն արգելվում է աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից՝ առևտրային կենտրոններում, ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ` օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը, հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ:

Օգտագործումն արգելվում է տրանսպորտում՝ հասարակական՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը, մասնավոր մեքենայում՝ ընթացքի ժամանակ, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ։

Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանն և կանխարգելմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն ձերբակալվածների, կալանավորվածների, դատապարտյալների պահման վայրերում և զորամասերում, զինվորական հաստատություններում: