Խորհրդարանական ընդդիմիադիր խմբակցություններ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» չեն միանա Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող դաշինքին:

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց խմբակցությունն ունի սեփական օրակարգն ու շարժվում է դրան համահունչ:

«Որևէ այլ օրակարգ, ալյանսի միանալու հարց այս պահին մեր խմբակցությունում ու կուսակցությունում չի քննարկվում: Ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների ալյանսին, ապա դա բացառապես նրանց գործունեության դաշտն է: Կրկնում եմ` մենք ունենք մեր օրակարգը, շարժվում ենք այդ օրակարգով, ու այդ օրակարգում այդ ալյանսին միանալու հարց դեռևս չկա»,- ասել է Տոնոյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բացառել է իրենց գործակցությունը նախկին ռեժիմի կամ նրան առնչվող որևէ ուժի հետ:

«Իրենք ուղղակի սխալ հաշվարկ են կատարել: Քոչարյանն ու նրան մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղացիների վստահությունը որևէ պարագայում: Նրանք թերագնատում են մեր քաղացիներին՝ կարծելով, որ նրանք չունեն հիշողություն», - ասել է Գորգիսյանը:

Պատգամավորն ասել է, որ ընդդիմադիր ճակատ ստեղծելու մասին հայտարարությունները նպատակ ունեն Քոչարյանի բանտ նստելուն խանգարել և պաշտպանել նրա ունեցվածքը:

«Այստեղ մեկ անձին բանտից պաշտպանելու և այդ ամենին քաղաքական շղարշ հաղորդելու միտում կա», - ասել է նա: