«Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ»․ Սերժ Սարգսյան
2001թ-ի մայիսի կեսերին, Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում այն ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարց-մեղադրանքին, թե 2001թ-ից ի վեր ինքը խոսում է փոխզիջումների մասին և դրանով կատարում ԵԱՀԿ-ի հանձնարարությունը, ասել է.
«Ես 2001թ-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թթ-ից։ Նաև այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էի, որ անհրաժեշտություն կա վերացնել շատ կրակակետեր։ Դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը»,- այս մասին գրում է Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը։
Հիշեցնենք, որ 1993թ-ի հուլիսի 23-ին Արցախյան ինքնապաշտպանական ուժերը դուրս եկան դեպի Աղդամ:
Որո՞նք են Արցախի իրական սահմանները: Այս հարցադրմանը Սարգսյանը պատասխանել է.
«Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։
«Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992-94թթ-ին, հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է: Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»,- նշել է Սերժ Սարգսյանը: