Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարանների դռները բաց կլինեն այցելուների համար
Մայիսի 18-ին նշվելու է Թանգարանների միջազգային օրը և կայանալու է Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը: Շարունակելով իրենց հիմնական առաքելությունը՝ այն է հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են որպես ակտիվ մշակութային հանգույցներ՝ դառնալով ավելի համայնքակենտրոն և ճկուն՝ արձագանքելով հասարակության լայն խմբերի հետաքրքրություններին, գլոբալ տնտեսաքաղաքական մարտահրավերներին և սոցիալական խնդիրներին։
Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է, որի վառ վկայությունը տարեցտարի ավելացող մասնակից թանգարանների և բազմահազար այցելուների թիվն է: Այս տարի էլ Հայաստանի և Արցախի թանգարաններն այցելուներին կներկայանան բազմաբովանդակ ծրագրերով՝ բացահայտելով նոր էջեր հավաքածուների և պատմամշակութային հարուստ ժառանգության մասին։
Մայիսի 18-ին` ժամը 11:00-24:00 Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար:
Նշենք, որ մայիսի 18-ին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00:
Այդ օրն անցկացվող միջոցառումների ցանկը ներկայացված է մշակույթի նապարարության պաշտոնական էջում։