Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են, այլ երկրներից՝ աճել
Այս տարվա առաջին եռամսյակում ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 391.5 մլն դոլարին համարժեք գումար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները, 2018թ-ի առաջին եռամսյակի համեմատ տրանսֆերտների այս ծավալն աճել է 33.2 մլն դոլարով կամ 9.2%-ով։
Աճել է ինչպես արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը, այնպես էլ՝ Հայաստանից դեպի արտերկիր փոխանցվող։ Այսպես, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից արտերկիր է փոխանցվել մոտ 286.7 մլն դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 13.2 մլն դոլարով կամ 4.8%-ով։ Հիշեցնենք, որ խոսքը ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կատարած դրամական փոխանցումների մասին է։
Այս տարի դրական դինամիկա է նկատվում նաև զուտ ներհոսքի մասով, որը ցույց է տալիս դեպի Հայաստան և Հայաստանից արտերկրի կատարված դրամական փոխանցումների տարբերությունը։ Այլ խոսքով՝ զուտ ներհոսքը ներհոսքի ու արտահոսքի տարբերությունն է։ Այն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 104.8 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է մոտ 20 մլն դոլարով կամ 23.5%-ով։
Ռուսաստանից եկող փողը պակասել է, այլ երկրներից՝ աճել։ Դեպի Հայաստան ամենից շատ Ռուսաստանից է գումար ուղարկվում, ինչը, բնականաբար, պայմանավորված է այդ երկրում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ուղարկած գումարներով։ Սակայն, դեռևս նախորդ տարվա վերջերից Ռուսաստանից եկող փողը պակասում է։ Մասնավորապես, այս տարվա առաջին երեք ամիսներին բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 195.6 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է 6.1 մլն դոլարով կամ 3%-ով։
Փոխարենը զգալի ավելացել է այլ երկրներից կատարվող դրամական փոխանցումների ծավալը։ Կենտրոնական բանկը տրանսֆերտների վիճակագրությունը ներկայացնելիս առանձնացնում է մի քանի երկներ, ինչպես Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան և այլն։ Եվ մնացած երկների ցուցանիշները ներկայացնում է «այլ երկրներ» տողով։ Այս տարվա առաջին եռամսյակում նշված «այլ երկրներից» Հայաստան է փոխանցել մոտ 105 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 38.8 մլն դոլարով կամ 58.6%-ով աճել է։ Բայց թե կոնկրետ որ երկրների մասին է այստեղ խոսքը, Կենտրոնական բանկը չի մանրամասնում։
Արտահոսքը դեպի Ռուսաստան ու ԱՄՆ ավելանում է։ Ինչ վերաբերում է Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումներին, ապա այստեղ ևս ամենամեծ տեսակարար կշիռը Ռուսաստանինն է։ Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումները կազմել են 119.7 մլն դոլար՝ 18.4 մլն դոլարով կամ 18.2% -ով ավելին, քան 2018թ-ի նույն ամիսներին։
Որոշակիորեն աճել են նաև դեպի ԱՄՆ փոխանցումները։ Այս տարվա հունվար-մարտին դրանք կազմել են 52.6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 48.8 մլն դոլարի դիմաց (աճը՝ 3.8 մլն դոլար կամ 7.8%):
Մի քանի երկրների մասով դրամական փոխանցումների զուտ ներհոսքը բացասական ցուցանիշ է կազմել, այսինքն՝ Հայաստանից դեպի այդ երկիր ավելի շատ են ուղարկել, քան այդ երկրից Հայաստան։ Նրանց շարքում են Չինաստանը, Թուրքիան ու Ուկրաինան։
Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն աճել են 9.2%-ով։ Թե որ երկրներով է պայմանավորված աճը, ԿԲ-ի ցուցանիշները թույլ չեն տալիս հասկանալ։ Իսկ Հայաստանից գումարների արտահոսքն աճել է 4.8%-ով։
- 2018թ-ին Հայաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումները 20%-ով աճել են։
2018թ-ի տարեկան տվյալներով՝ արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց ուղարկած գումարների ծավալը (տրանսֆերտները) փոքր աճ է գրանցել։ Հիշեցնենք, որ փոխարենն էական տեմպերով ավելացել էր փողի արտահոսքը։ Մասնավորապես, 2018թ-ի հունվար-դեկտեմբերին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 785.6 մլն դոլարին համաժեք գումար, որը 2017թ-ի համեմատ աճել է 29.1 մլն դոլարով կամ ընդամենը 1.6 %-ով։ Նույն ընթացքում Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձինք բանկերի միջոցով փոխանցել են 1 մլրդ 188.4 մլն դոլար, որն աճել է 198.6 մլն դոլարով կամ 20 %-ով: