Վարդգես Գասպարիի հանդեպ Քոչարյանի աջակիցների բռնության դեպքով քննություն է տարվում
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ գործադրված բռնության վերաբերյալ:
«Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի 5 մասնակցի ինքնությունը, որոնցից երեքը բերման է ենթարկվել, իսկ երկուսը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: