Հունվարի 26-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի կառավարման խորհրդի 2018 թվականի առաջին նիստը: Մասնակցում էին Խորհրդի անդամներ Արմեն Հարությունյանը (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ), Գևորգ Բաղդասարյանը (ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ), Րաֆֆի Ասլանյանը (Երևան քաղաքի դատախազ), Երվանդ Խունդկարյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ), Համլետ Ասատրյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր), Հովսեփ Բեդևյանը (ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ): Նիստին մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր Կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Արմեն Հարությունյանին կատարած աշխատանքի համար, ով վերջին մեկ տարում նախագահում էր Խորհուրդը: Նախագահի պաշտոնում առաջադրվեց Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ միաձայն ընտրվեց՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: Խորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից՝ նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն կարգով:

Խորհրդի նախագահի ընտրությունից հետո Խորհուրդն անցավ օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Խորհրդի անդամները հաստատեցին դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մաս­նա­գիտական պատրաստման 2018 թվականի ուսուցման ծրագիրը, ինչպես նաև Ակադեմիայի 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը: