Արամ Խաչատրյանը՝ Մոնակոյի արքայազն Ռենյե Գրիմալդիի, Գրեյս Քելլիի և Մստիսլավ Ռոստրապովիչի հետ
Ներկայացնում ենք ձեզ բացառիկ լուսանկար, որի կենտրոնում Արամ Խաչատրյանն է՝ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի, Մոնակոյի արքայազն Ռենյե Գրիմալդիի և Գրեյս Քելլիի հետ։
Լուսանկարի պատմությունը.
1973թ-ին հայ մեծ կոմպոզիտորը հրավիրված էր Ֆրանսիա, որտեղ մեծ շուքով նշվեց նրա 70-ամյակը: Շրջագայության ընթացքում Արամ Խաչատրյանը որոշում է այցելել նաև Մոնակո: Այդ ժամանակ Մոնակոյի արքայազն Ռենյե Գրիմալդին իր տիկնոջ՝ աշխարհահռչակ կինոաստղ Գրեյս Քելլի հետ գտնվում էր երկրից դուրս՝ Լոնդոնում: Իմանալով կոմպոզիտորի գալստյան մասին՝ նրանք կիսատ են թողնում իրենց շրջագայությունը և վերադառնում Մոնակո՝ անմիջապես գնալով այն տունը, որտեղ կանգ էր առել Արամ Խաչատրյանը:
Արքայազն Ռենյե Գրիմալդին մեծ արվեստասեր էր և Մոնակոյում մշտապես կազմակերպում էր միջազգային մրցույթներ ու փառատոններ՝ նվիրված կոմպոզիտորական արվեստին: 1974թ-ին կայանալիք հերթական մրցույթ-փառատոնին նա ոչ միայն հրավիրել էր մաեստրոյին, այլ նաև խնդրել էր նրան գրել մի նոր ստեղծագործություն, որը պետք է հնչեր փառատոնի բացման արարողությանը: