WhatsApp-ի հեղինակները կոչ են անում օգտագործողներին թարմացնել ծրագիրը՝ անվտանգության նկատառումներով
WhatsApp ծրագրի հեղինակները կոչ են անում 1.5 միլիարդ օգտագործողներին թարմացնել ծրագիրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Այս ծանուցումն օգտատերերը ստացել են երեքշաբթի՝ մայիսի 14-ին, այն բանից հետո, երբ մտահոգություն հայտնվեց, որ հաքերները կարող են ներթափանցել ծրագրի մեջ և դրա միջոցով կատարել հեռախոսազանգեր։
Ֆեյսբուք սոցիալական կայքին պատկանող այս ընկերությունը հայտնել է (CVE-2019-3568), որ լրտեսական ծրագիրը տարածվել է և վարակել բազմաթիվ բջջային հեռախոսներ՝ օգտագործելով մի խոշոր խոցելիություն WhatsApp ծրագրում:
Իսրայելական լրտեսող ծրագրեր մշակող NSO Group-ի ստեղծած ծրագիրը հնարավորություն է տալիս հաքերներին հեռակա կարգով կառավարել հասանելիության հնարավորությունը՝ թույլ տալով նրանց կարդալ հեռախոսի հաղորդագրությունները, տեսնել կոնտակտները և ակտիվացնել տեսախցիկը:
WhatsApp-ն արդեն հաստատել է, որ «զոհերը» եղել են որոշակի ընտրված համարների տերեր, և որ այդ ծրագիրն ազդել է բոլոր տարբերակների վրա՝ բացի ամենավերջինից։