Արենիի ավագանին արգելել է մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի վարչական տարածքում
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ 2019թ․ մայիսի 6-ին Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Որոշման մեջ մասնավորապես նշված է․
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հաշվի առնելով Արենի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
- Արենի համայնքը ճանաչել էկո-տնտեսական տարածք,
- Այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները»:
Արենի խոշորացված համայնքի մեջ են մտնում Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ գյուղերը, որոնց բնակիչները մայիսի 3-ին կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։ Հանրագիրն ամրագրված էր շուրջ 2900 քաղաքացիների ստորագրություններով, որով նրանք խնդրում և պահանջում էին․
1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Արենի համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:
2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Արենի համայնքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին: