Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ 2020թ-ի սկզբից կմեկնարկեն մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները:

«Այս ընթացքում բավականին շատ իրողություններ են եղել՝ դրական առումով: Շինարարությունը կսկսենք կամրջից: Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք բյուջետային միջոցներով ծրագիրն իրականացնել, կառուցապատողների հետ ենք բանակցում: Կա՞ն արդյոք կառուցապատողներ, այո: Անուններ դեռ չեմ ասի, մյուս ասուլիսի ժամանակ մանրամասն կխոսենք»,- նշել է Արթուր Մեսչյանը:

Նա հայտնել է նաև, որ բացի մետրոպոլիտենի նոր կայարանից, քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է նաև ճոպանուղու կառուցման ծրագիրը:

«Ճոպանուղով հնարավորինս կթեթևացնենք Նորքի և Կենտրոնի կապը և տրանսպորտային հոգսը: Կապը լինելու է 2-րդ զանգվածից մինչև նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների տարածքը՝ Աբովյանի պուրակի տարածքում: Հետագայում զարգացում կլինի Հաղթանակի այգի, բայց սկզբնական խնդիրը Կենտրոնը Նորքին կապելն է»,- հայտնել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

Արթուր Մեսչյանի խոսքով՝ ճոպանուղու ծրագիրը ևս կֆինանսավորվի ոչ բյուջետային միջոցներով՝ կառուցապատողների կողմից: