Առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգում ծանրաբեռնվածության պատճառով տեխնիկական խնդիրներ են առաջացել
Այսօր առավոտյան գործարկվել է Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը։
Համակարգը հնարավորություն է տալու յուրաքանչյուր ծնողի էլեկտրոնային եղանակով գրանցել իր երեխային, որից հետո պահանջվող փաստաթղթերը կարող են ներկայացվել դպրոց։
«Դպրոցի տնօրենն արդեն չի կարող ասել, որ դպրոցում տեղ չկա։ Համակարգի նպատակն է մրցակցային հավասար պայմանների, թափանցիկության ապահովումը»,- ասել էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը:
Սակայն, գործարկման պահից ծնողները, որոնք ցանկացել են հերթագրել իրենց երեխաներին, բազմաթիվ տեխնիկական խնդիրների են բախվել: Այդ առնչության Կրթության և գիտության նախարարությունը տարածել է հետևյալ պարզաբանումը.
«Հարգելի քաղաքացիներ,
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են:
Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել` մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք»:
Պարբերաբար տեղեկատվություն ստանալու համար նախարարությունը խնդրում է հետևել ԿԳՆ-ի պաշտոնական էջին։