Վերսկվել է Քոչարյանի գործով դատական նիստը․ Ոստիկանները թույլ չեն տալիս Վարդգես Գասպարիին մտնել դատարան
Ոստիկանները, ինչպես իրենք են հայտարարում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չեն տալիս ակտիվիստ Վարդգես Գասպարիին մտնել դատարան և ներկա գտնվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը։
«Իրանք հորդորում են, քանի որ չեն կարող իմ անվտանգություն ապահովել, չմտնել դատարան։ Շատ տխուր է, որ ոստիկանությունը քրեական տարրերից չի կարողանում պաշտպանել քաղաքացուն և ինքը հորդորում է, որ ոչ թե քրեական հանցագործներին կանխի, այլ փորձում է քաղաքացուն հեռու պահի քրեականներից։ Սա նշանակում է, որ Քոչարյանի քրեական կողմնակիցները որքան ուժեղ են իրականում», - ասել է Գասպարին՝ նշելով, որ ամեն դեպքում փորձելու է մտնել և ներկա լինել նիստին։ Գրում է «Ազատություն»-ը։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստի ժամանակ դատարանի մոտ պարբերաբար քաշքշուկ վիճաբանություն է տեղի ունեցել։ Պաստառով դատարան էր եկել Վարդգես Գասպարին: Քոչարյանի աջակիցները պահանջեցին դուրս հրավիրել Գասպարիին, ապա հարձակվեցին և խլեցին նրա պաստառը: Քաղաքացիական ակտիվիստը պնդում է, որ շշով հարվածել են իր դեմքին: Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում վերսկսվել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը։
Զուգահեռաբար՝ դատարանի բակում բողոքի ակցիաներ են իրականացնում Քոչարյանի կողմնակիցներն ու նրա ընդդիմախոսները։