«Պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ». Լևոն Քոչարյան
Դատարանում այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասել է, թե ցանկանում է հանդիպել նրա հետ, արդյոք պատրա՞ստ է հանդիպել, պատասխանել է․
«Միանշանակ, ես պատրաստ եմ հանդիպել»:
Նա նշել է, որ պետք չէ այս ամենից շոու սարքել: Նրա խոսքով՝ այդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ կոնկրետ քաղաքական դիվիդենտներ են քաղել, հիմա էլ շարունակում են նույնն անել:
«Ես շատ ցավում եմ զոհերի համար, բայց զոհերի ընտանիքներից բացի, աստիճանաբար, երբ նայում եք, հաջորդը մենք ենք այս ամենից շատ տուժել: Բոլորդ գիտեք, որ 10 տարի ամեն ինչ փորձում են կապել մեզ հետ»,- նշել է նա:
Հարցին, թե ովքե՞ր են կապում, Լևոն Քոչարյանն ասել է, թե առաջին հերթին «Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագիրը: Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞վ է շահարկել, Ռոբերտ Քոչարյանի որդին պատասխանել է, թե ինքը մեղադրանք չի հնչեցնում, ինչ կա այն էլ ասում է:
Լրագրողի այն հարցին էլ, թե ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցներն ասում են, որ հանուն Քոչարյանի համար հավաքված ցուցարարները գումարի դիմաց են մասնակցում այս ակցիային, Լևոն Քոչարյանն այսպես պատասխանեց. «Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին, ինձ թվում է՝ իրենց մոտ նույն սկզբունքն է գործում»:
Լևոն Քոչարյանն ադրադարձել է Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
Հարցին, թե արդյոք դա այլ երկրի միջամտությո՞ւն չէ, նա պատասխանել է.
«Իհարկե ոչ, դա միջամտություն չէ, և այն մարդիկ, որոնք ուզում են որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, ես ուղղակի դրանք կեղտոտ խաղեր եմ համարում։ Երաշխավորությունը միջամտություն չէ: Իսկ ինչի՞ պետք է չանեն, իրենց ընկերն է, մարտական ընկերն է, Ձեզ թվում է՝ ձեռքները ծալած պետք է նստե՞ն»։