Արշակ Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի ցուցմունքները հակասում են միմյանց
Երևանի ընդանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման ժամանակ գործով վկա, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից հատվածներ են հրապարակվել։
Քոչարյանի փաստաբան Ալումյանը կարդացել է Կարապետյանի ցուցմունքը:
«Իմ հիշելով 2008թի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարության, ԱԱԾ և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Եթե չեմ սխալվում` մինչև ՊՆ ստորաբաժանումների ղեկավարության դահլիճ մտնելը, նախագահն առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ։ Ուժային անձնակազմի դուրս գալուց հետո, ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Ի դեպ, մեր հետ խորհրդակցությանը մասնակցում էին այլ ուժային կառույցների միայն ղեկավարները։ Քոչարյանի հետ սենյակում էր նաև ՀՀ վարչապետ, հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը։ Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում։ Բառացի դժվար թե կարողանամ մտաբերել...», - մեջբերել է Ալումյանը։
Ցուցմունքը կարդալու այս հատվածում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ պետք չէ հրապարակել ցուցմունքն ամբողջությամբ, մանրամասներով։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդունել է առարկությունը և հորդորել պաշտպանին ցուցմունքից հատվածներ մատնանշել ու դրանց վերաբերյալ ներկայացնել պաշտպանական կողմի կարծիքը։
Ալումյանը շարունակելէ կարդալ ցուցմունքը:
«Խոսք գնաց Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի և Երկրապահ կամավորական միության մասին։ Մասնավորապես, որ Մանվել Գրիգորյանն ու ԵԿՄ այլ անդամներ միացել էին ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Խոսք գնաց նաև ԵԿՄ-ի անդամների ու Մանվել Գրիգորյանի զինված լինելու մասին, ինչն իրենից վտանգ է ներկայացնում։ Նախագահը հետաքրքրվեց Միքայել Հարությունյանից՝ որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը, իսկ Միքայել Հարությունյանը զինվորականին վայել կեցվածքով ոտքի կանգնեց ու ասաց՝ «չգիտեմ»։ Նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չէ, թե իր նախարարությունում ինչ է կատարվում»։
Կարապետյանն ասել է, թե Քոչարյանն ասել է արտակարգ ռեժիմ հայտարարելու մտադրության մասին, իսկ Սերժ Սարգսյանն էլ առաջարկել է ստեղծել զինվորական վարչակազմ՝ այդ ժամանակ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի նախագահությամբ։
«Դրանից հետո Քոչարյանն ասաց, որ այսօրվանից՝ 00.00-ից, հայտարարում եմ արտակարգ դրություն, որին անմիջապես հաջորդեց Սերժ Սարգսյանի առաջարկը, որ ստեղծվի առանձին զինվորական վարչակազմ՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երևանի կայազորի պետը: Խորհրդակցության ավարտից հետո սպաների մի հատվածի մոտ դժգոհություն առաջացավ, թե ինչու պիտի ընդգրկվեն Երևանում տեղի ունեցող իրադարձություններում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, չնայած ՀՀ ԶՈւ-ին արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին:Խորհրդակցությունից հետո որոշ սպաների մոտ դժգոհություն առաջացավ՝ ինչո՞ւ պետք է ընդգրկվեն Երևանում տեղի ունեցող իրադարձություններին», - ցուցմունքում ասել է Կարապետյանը։
Նրա ցուցմունքից մեկ այլ հատվածի համաձայն Քոչարյանը 2008թ.-ի Մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, չնայած Զինված ուժերիում արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին, «այսինքն՝ գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն բանավոր հրաման էր տվել, ինչն էլ ՊՆ Միքայել Հարությունյանը կատարել էր»։
Արշակ Կարապետյանի ցուցմունքն իր ցուցմունքում հերքել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը։
«Խորհրդակցության մանրամասների մասին չեմ հիշում, բայց կարող եմ ասել՝ խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է զինված ուժերի սպայական կազմը։ Ընդհանուր նպատակն է եղել զգուշացնել, որ ցուցարաների ղեկավարները քաղաքական պրոցեսների մեջ են փորձում ներգրավել Զինված ուժերի ղեկավար կազմին: «Եվ դա առիթ հանդիսացավ, որ Հայաստանի նախագահն իրավացիորեն հանձնարարական տվեց՝ կա՛մ դիմում են գրում ու դուրս են գալիս Զինված ուժերի համակարգից և շարունակում մնալ ԵԿՄ-ում, կա՛մ դիմում են գրում, դուրս գալիս ԵԿՄ-ից և շարունակում ծառայել Զինված ուժերում», - իր ցուցմունքում ասել է Սերժ Սարգսյանը։
Այնուհետև Սերժ Սարգսյանն իր ցումցունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ:
«Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից», - ասել Սարգսյանը: