Տարիներ առաջ այս օրը ծնվել է ազգությամբ հայ բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ և լուսանկարիչ Անիտա Կարագոշյան Կոնտին։

Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899թ-ի մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրն է։ Ընտանիքը շատ էր ճանապարհորդում։ Անիտան ծնողների հետ ճանապարհորդում է ամբողջ Եվրոպայով։ Բրետանում և Վանդեայում նա հաճախ է նավով ճանապարհորդում ձկնորսների հետ, և վաղ մանկությունից նրա մեջ ձևավորվում է սերը ծովի և գրքերի հանդեպ։

Անիտան գրել է․

«Իմ ծնողները բանիմաց էին ու ընթերցասեր: Նրանց տարերքը ճամփորդելն էր: Ես և եղբայրս՝ Ստեփանը, մեծացել ենք նրանց ճիշտ դաստիարակության և գրքերի շրջապատում` ճամփորդելով աշխարհի երկրներով ու ծովերով: Եվ պատահական չէ, որ ծովերի ու օվկիանոսների լազուր ջրերի հմայքը, դրանց փոթորկուն ուժն ինձ մանկուց են գերել ու գրավել»:

Նշենք, որ 1914թ-ին՝ պատերազմի սկզբին, ընտանիքն ապաստան է գտնում Օլերոն կղզում, որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրում է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։ 1917թ-ին կատարում է իր առաջին՝ լուսանկարը՝ Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին։

Պատերազմից հետո Անիտա Կարագոշյանը բնակություն է հաստատում Փարիզում։ Մասնագիտանում է որպես գեղարվեստական կազմարար և հասնում հաջողության։ 1927թ-ին նա ամուսնանում է դիվանագետ, Վիեննայի դեսպանատան աշխատակից, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ։ Անիտան սկսում է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հետազոտելով ծովը և խնդիրները, որոնց հետ առնչվում էին ձկնորսները։ Նա շատ ժամանակ է անցկացնում ձկնորսական նավերի վրա և շատ է ընթերցում՝ ծովի բուսական և կենդանական աշխարհին լավ ծանոթանալու համար։

Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկա ժամանակահատվածում Անիտա Կոնտին մշակում է ձկնորսության գիտական մեթոդիկան, կիրառելով նավիգացիոն քարտեր։ Նա հրատարակում է շատ գիտական հոդվածներ և տեղեկություններ՝ արդյունաբերական ձկնորսության նեգատիվ հետևանքների և ձկնորսության հետ կապված տարբեր խնդիրների մասին։

Անիտա Կոնտին կյանքից հեռացել է 99 տարեկանում՝ 1997թ-ի դեկտեմբերի 25-ին, Ֆրանսիայի Դուարնե քաղաքում։ Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։