Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել՝ վերահաստատելով ընտրարշավի ժամանակ ստանձնած հանձնառությունը, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը:

Պետության ղեկավարը այս մասին հայտարարությունն արել է երեքշաբթի օրը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ, որի պատվավոր հյուրն էր:

Մակրոնը, Les Nouvelles d’Armenie հանդեսի փոխանցմամբ, շուրջ 30-րոպեանոց ելույթ է ունեցել Փարիզի հյուրանոցներից մեկում կազմակերպված հանդիսությանը, որի հրավիրյալների թվում էին նաև Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը,ֆրանսահայ խորհրդարանականներ, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը և հրեական համայնքի ներկայացուցիչներ:

«Պայքարը հանուն արդարության և ճանաչման մեր պայքարն է: Մենք այն մղում ենք հիշողությամբ՝ սատարելով հանրապետական օրացույցում ցեղասպանության հիշատակի համար օր ամրագրելը», - Մակրոնի խոսքերն է մեջբերում France-Presse-ը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, ըստ France-Presse-ի, Մակրոնին կոչ են արել դատապարտել Թուրքիային, որը սպառնում է երկրի ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին, ինչպես նաև խնդրել են այցելել Լեռնային Ղարաբաղ:

Ֆրանսիայի նախագահը, հայ համայնքին իր իր հարգանքը հայտնելով հանդերձ, պաշտպանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ երկխոսության, Լեռնային Ղարաբաղի հարցում չեզոքության իր քաղաքականությունը, հաղորդում է France-Presse-ը: