Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Քոչարյանի գործով դատական նիստից հետո՝ մասնավորեցնելով, որ խոսքը քրեական օրենսգրքի 300-րդ հոդված մասին է, հայտնել է․

«Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեր մինչև 2009թ-ի օրենսդրական փոփոխությունները, ապա կառաջադրվեր այն նույն հոդվածով, որով Ալիկ Արզումանյանին և «Յոթի գործով» մյուս անձանց՝ ՀՀ ՔՕ 300 հոդվածով՝ իշխանության յուրացում, որը օբյեկտիվ կողմի հատկանիշ ուներ՝ սահմանադրական կարգը տապալելը», - այս մասին գրում է «Հետք»-ը։

Նշենք, որ 2008թ-ի Մարտի 1-ի իրադարձություններից հետո Ալիկ Արզումանյանին, Շանթ Հարությունյանին ու ևս 5 անձանց 2008թ-ին գործող քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով մեղադրանք էր առաջադրվել, սակայն 2009թ-ին օրենքում փոփոխություն է կատարվել, և մեղադրող դատախազները հրաժարվել են Ալիկ Արզումանյանի և մյուսների` այդ հոդվածով մեղադրանքից:

Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները բազմիցս բարձրացրել են այս հարցն ու նշել, որ նույն տրամաբանությամբ մեղադրանք չէր կարող առաջադրվել նաև Ռոբերտ Քոչարյանին:

Ճշտող հարցին՝ այդ դեպքում ի՞նչ էր լինելու ելքը, Դավթյանը պատասխանել է.

«Բացարձակ ոչ մի փոփոխություն չէր լինելու, որովհետև այդ ժամանակ գործող քրեական օրենսգրքի 300 հոդվածը սահամանել էր սահմանադրական կարգը տապալելը, հետո նոր ընդունված օրենքն արդեն նոր հանցակազմի ձևով սահմանեց սահմանադրական կարգը տապալելը»:

Երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Քոչարյանը բարձրաձայնել էր այն մասին, որ իր մեղադրանքում առկա է ձևակերպում, իբր իր և Սերժ Սարգսյանի մտերիմ անձինք մասնակցել են 2008թ-ին հավաքները ճնշելու գործընթացին: Հարցին՝ ովքե՞ր են այդ մտերիմ մարդիկ, Դավթյանը միայն մեկ անուն է տվել.

«Ձեր նկարագրած դրվագին առնչվում է, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը»:

Խոսքը նշենք, Աժ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանի մասին է, ով այժմ գտնվում է հետախուզման մեջ այլ քրեական գործի շրջանակներում:

Դավթյանը նշել է նաև, որ Լևոն Սարգսյանի արարքին դեռևս իրավական գնահատական չի տրվել։

«Մեր այս մեղադրանքը շարքային դասական պարզ նկարագրությամբ մեղադրանք չէ: Դա վերաբերում է շուրջ մեկ ամսվա իրադարձություններին: Այդ մեկ ամսվա իրադարձություններին տարբեր անձինք տարբեր մասնակցություն են ունեցել, նաև՝ էպիզոդիկ»,- ասել է գլխավոր դատախազը