Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը այսօր, մայիսի 17-ին՝ Արցախում սպասվող իրադարձությունների ժամանակացույցը․

- Ժամը 12:00-ին Արցախի գրողների միության և Գրիգոր Նարեկացի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ ԳՆՀ Պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում տեղի կունենա արմատներով արցախցի, ամերիկաբնակ արձակագիր Մարգարետ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը:

- Ժամը 15:30-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու կավագործության բաց դաս:

- Ժամը 18:00-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում «ԱՐՏ PR» ընկերության նախաձեռնությամբ իրականացվող «Ժամանակակից արվեստագետների նվիրատվությունը Արցախին» նախագծի շրջանակներում Հայաստանի 25 ժամանակակից արվեստագետներ իրենց գեղանկարչական աշխատանքներն են նվիրելու Արցախին:

Աշխատանքները հիմնականում տեղ են գտնելու Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում, ինչպես նաև Արցախի տարբեր գերատեսչություններում` մշտական ցուցադրության տեսքով:

Այս անգամ նախագծի շրջանակներում մայիսի 17-19-ը արվեստագետների համար նախատեսված է նաև երկօրյա այց Արցախ, որտեղ կլինեն հանդիպումներ տեղի արվեստագետների հետ, ճանաչողական այցեր պատմամշակութային վայրեր, արվեստի կենտրոններ:

- Ժամը 19:00-ին տեղի կունենա Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հաշվետու համերգը:

- Ժամը 19:30-ին Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կցուցադրվի «Marina Abramovic in Brazil» ֆիլմը:

Մարինա Աբրամովիչը մեկնում է Բրազիլիա` բացահայտելու այդ բազմազան երկրի ոգին, զրուցելու մարդանց հետ և շոշափելու արվեստի և գիտակցության սահմանները: Սաղարթախիտ անտառներ Ամազոնում, երկնաքերեր Սան-Պաուլոյում, տուրիստներով լի ծովափ Րիո դե Ժանեյրոյում` այս բոլոր վայրերն իրենց ուրույն էներգիան, գոյության իրենց տրամաբանությունն ունեն: Հենց նման հարցերի շուրջ է խոսում և այդ վայրերն է ներկայացնում Մարինան: Ֆիլմի լեզուն անգլերեն է` անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։