ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է ճանապարհային երթևեկության վարչական իրավախախտումների ներդրվող բալային համակարգը:

Ըստ նրա, համակարգը մի քանի խնդիր է լուծելու՝ երթևեկության անվտանգության բարձրացում, սոցիալական բեռի թեթևացում:

«Երթևեկության անվտանգության մակարդակը կբարձրանա, որովհետև այս համակարգով վարորդները վտանգի տակ են դնում տրանսպորտային միջոցներ վարելու իրենց իրավունքը: Երկրորդ էֆեկտը սոցիալական բեռի թեթևացումն է, ոչ միայն տուգանային միավորներ են կիրառվում, այլ տուգանքների չափեր են նվազում: Բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը լինելու է 29,000 դրամ՝ ներկայիս 500,000 դրամի փոխարեն»,- հայտնել է նա:

Արմեն Խաչատրյանը նշել է, որ տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով:

Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

«Ոստիկանությունն ուսումնասիրությունը մոտ 2 տարի առաջ էր սկսել իրականացնել: Անհրաժեշտությունն առաջացավ, երբ սկսեցին կիրառվել տեսահսկման համակարգերը, տարիներ անց վիճակագրությունը փաստեց, որ կան վարորդներ, որոնք կատարում են 100-ավոր, 1000-ավոր խախտումներ և չեն վճարում: Այս իրավիճակի հետ հաշտվելը ընդունելի չէր, և միջոցներ պետք է ձեռնարկվեին այս վարորդներին սաստելու համար»,- ասել է Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է վարորդական վկայականից զրկվելուց հետո վարորդի կողմից այլ տրասնպորտային միջոցներ վարելու հնարավորությանը, պատգամավորը հայտնել է, որ քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվում՝ հնարավորությունը սահմանափակելու և այս ուղղությամբ հսկողությունն ավելի ուժեղացնելու համար:

«Զրկված կամ կասեցված իրավունքով տրանսպորտային միջոց վարելն արդեն վարչական իրավախախտում չէ, այս արարքը քրեականացվել է և դարձել է հանցագործություն: Այս հանգամանքը, կարծում եմ, կստիպի, որպեսզի մարդիկ ձեռնպահ մնան նման հանցագործություններ կատարելուց»,- ասել է Խաչատրյանը: