Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը
75 տարվա ընթացքում Հայաստանը տարածքով ընդարձակվել է չորս անգամ՝ 1918թ-ի 10 հազար քառակուսի կիլոմետրից հասնելով 42 հազարի 1994թ-ին: Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի բնակչությունը առնվազն քառապատկվել է:
Հայաստանի ընդարձակման և նեղացման՝ ստատուս-քվոների փոփոխության պատճառները տարբեր են՝ և՛ ներքին, և՛ արտաքին: Երբեմն արտաքին դերակատարների և միջազգային հանգամանքների պատճառով ենք կորցրել և ձեռք բերել տարածքներ:
1918թ-ի մայիս-հունիսին Հայաստանը հիմնադրվեց ընդամենը 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:
Վեց ամիս անց՝ 1918թ-ի նոյեմբերից, սկսվեց հանրապետության ընդարձակումը: Այն նախ և առաջ պայմանավորված էր նրանով, որ Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրությունը սկսեց հեռանալ գրավյալ հայկական հողերից: 1919թ-ի գարնանը և ամռանը Հայաստանը էլ ավելի ընդարձակվեց, երբ, բրիտանական զորքերի օգնությամբ նաև, Հայաստանին միացվեցին Նախիջևանն ու Կարսը: Այսպիսով, հիմնադրումից ընդամենը մեկ տարի անց Հայաստանը տարածքով ընդլայնվեց գրեթե վեց անգամ:
Հայաստանը կարող էր է՛լ ավելի ընդարձակվել նույն այդ ժամանակահատվածում, եթե Արցախը ևս միացվեր Հայաստանին, սակայն նույն բրիտանացիները Արցախի և Սյունիքի հարցում այլ քաղաքականություն էին վարում և ամեն կերպ փորձում հայկական այդ երկու շրջանները միացնել Ադրբեջանին:
Սա օրինակներից մեկն է, թե ի՞նչ ճակատագրական նշանակություն են ունենում մեծ տերությունները փոքր ժողովուրդների կյանքում՝ և՛ դրական, և՛ բացասական իմաստով:
1919թ-ի ամռանը Հայաստանի տարածքը փոքրացավ, երբ մենք չկարողացանք պահել Նախիջևանը: Այն գրավեցին թուրք-թաթարական ուժերը, իսկ արդեն 1921թ-ին այդ գրավմանը փաստաթղթային տեսք տվեցին ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները Մոսկվայում և Կարսում:
1920թ-ի ամռանը Հայաստանի տարածքը էլ ավելի նեղացավ, երբ ռուսները Հայաստանին ստիպեցին փաստաթուղթ ստորագրել և ժամակավորապես հրաժարվել Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի հանդեպ հավակնություններից: Նույն տարվա աշնանը սկսվեց քեմալականների հարձակումը արևմուտքից, և մենք կորցրեցինք Սարիղամիշը, Կարսը, Արդահանը, Սուրմալուն և Ալեքսանդրապոլը (Գյումրի): 1921թ-ի ապրիլին քեմալականները հեռացան Ախուրյանի մյուս ափը:
1920թ-ի օգոստոսից-նոյեմբեր ամիսը Հայաստանը կորցրեց իր տարածքի գրեթե կեսը:
Այսպիսով, 1918թ-ի կեսերին Հայաստանն ուներ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մեկ տարի անց՝ գրեթե 60 հազար, իսկ 1920թ-ի ուշ աշնանը՝ մոտ 30 հազար: Ստատուս-քվոների այս փոփոխությունները, լինեն դրանք Հայաստանի օգտին կամ ի վնաս Հայաստանի, պայմանավորված են եղել ինչպես միջազգային իրադրությամբ և մեծ տերությունների թելադրանքով, այնպես էլ Երևանի վարած քաղաքականությամբ:
Եթե 1920թ-ի կեսերից թափ չառներ բոլշևիկ-քեմալական գործակցությունը, որի զոհերից առաջինը Հայաստանն էր, գուցե իրականություն դառնար հայկական երազանքը՝ Սևրը: Այդ շրջանում Հայաստանի սահմանները պետք է առավել ընդլայնվեին և հասնեին 160 հազար քառակուսի կիլոմետրի: Բայց այդպես չեղավ, իսկ Սևրի ստորագրումից ամիսներ անց Հայաստանը թուրքական ներխուժման և սպառնալիքների տակ հրաժարվեց Սևրից և ապա խորհրդայնացվեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:
Խորհրդային 70 տարիների ընթացքում Հայաստանի վարչական տարածքները գրեթե չփոփոխվեցին: Պատճառն այն չէր, որ հայերը չէին ուզում Արցախը կամ հայկական այլ շրջաններ, մասնավորապես՝ Կարսը, միավորված տեսնել Խորհրդային Հայաստանի հետ: Ավելին, հայերը հույս էին դրել Ստալինի վրա, որ նա Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Հայաստանին կմիացնի Կարսը: Խորհրդային Հայաստանը մի քանի փորձ արեց, որպեսզի Արցախը միացվի Հայաստանին, բայց չստացվեց, քանի որ դրան դեմ էին Մոսկվան և Բաքուն:
1991թ-ին Հայաստանն անկախացավ գրեթե 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Այսպես, Խորհրդային Հայաստանի գոյության յոթ տասնամյակների ընթացքում տարածքային կորուստներ և ձեռքբերումներ չունեցանք (բացառությամբ հայ-ադրբեջանական տարածքային փոքր փոխանակությունների, որոնք, ավելի հաճախ, ի վնաս մեզ էին), բայց այդ նույն ժամանակահատվածում ունեցանք բնակչության քառապատկում: Հենց այդ հայահավաքն էր նաև, որի շնորհիվ մենք կարողացանք ունենալ ազատագրական պայքար Արցախում:
1988թ-ի Արցախյան շարժումը երեք տարի անց վերաճեց պատերազմի: Զինված հակամարտության տարիների ընթացքում տեղի ունեցան ստատուս-քվոյի բազմաթիվ փոփոխություններ՝ ի վնաս և հօգուտ հայերի: 1994թ-ի մայիսին հաստատվեց անժամկետ զինադադար, և հայկական բանակը կանգնեց 42 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա:
Ստատուս-քվոյի փոքր փոփոխություն տեղի ունեցավ 2016թ-ի ապրիլին, երբ ադրբեջանական բանակը կարողացավ գրավել երկու հողաշերտ Արցախի հարավ-արևելքում և հյուսիս-արևելքում՝ մոտ 800 հեկտար:

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 3 հիվանդ քաղաքացի

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

«Եթե Արցախում երեխաներ կան, ուրեմն կա նաև մեր կարիքը». «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի աշխատակից

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

Եվրոպական խորհրդարանը առաջարկում է Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ վարել
