Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվա առիթով հետաքրքիր միջոցառումների շարք է կազմակերպվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Առավոտյան ժամը 11։00-ից այցելուները կարող են ծանոթանալ «Կարմիր բլուր» հնավայրի հետ, որը կգործի մինչև ժամը 17։00-ը: Ժամը 11։00-20։00, այցելուները կարող են ծանոթանալ «Շենգավիթ» հնավայր-թանգարանի ցուցադրությանը:

Էրեբունի թանգարանի ժամանակավոր ցուցասրահում ժամը 11։00-24։00, այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում» ցուցահանդեսին:

Օրվա խորհուրդն ավետող միջոցառումների պաշտոնական բացման արարողությունը Էրեբունի թանգարանում տեղի կունենա ժամը 15։00-ին, որին կհաջորդեն մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Վարպետաց դաս՝ կավագործ Բարսեղ Հարությունյանի մասնակցությամբ: Նա կներկայացնի հայկական կավագործության ավանդույթները:

«Էրեբունի» միջնաբերդի հարակից տարածքում կանցկացվեն նետաձգության ավանդույթների ցուցադրական ելույթներ: Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները: Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ նետ ու աղեղներով կրակել թիրախին:

Էրեբունի թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի ուսումնական պեղավայրում դպրոցի սաներն ու բոլոր դպրոցահասակները հնարավորություն կունենան ծանոթանալ պեղումների գործիքներին, պեղման տեխնիկային և նրբություններին: Բացի այդ, ցանկացողները կարող են ուսումնական պեղավայրում ինքնուրույն հեռացնել հողի շերտերը և գտնել հողի տակ թաքնված իրերը:

Ժամը 18։00-20։00, թանգարանի մեկ այլ սրահում Ոսկեվազի և Ուջանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ անց կկացվեն «Էրեբունու որմնանկարները» գորգագործության և կարպետագործության ցուցադրական դասեր: Կցուցադրվեն նաև հնագիտական ժառանգության մասին ֆիլմեր, իսկ ժամը 21։00-ին Էրեբունի թանգարանի ներքին բակում «Այրոգի» ստվերների թատրոնը կցուցադրի ներկայացում:

Ավարտից հետո այցելուները հնարավորություն կունենան զբոսնել գիշերային Էրեբունի միջնաբերդում և վայելել այնտեղից բացվող երևանյան անկրկնելի տեսարանը: Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի կազմակերպած տոնական օրվա ավարտին, այցելուները հնարավորություն կունենան վայելել նաև հայկական ֆոլկ երաժշտություն «Թառափ» տրիոյի կատարմամբ:

Այնպես, որ տանը նստելու փոխարեն այցելեք թանգարաններ, ծանոթացեք մեր պատմամշակութային ժառանգությանը, իսկ առավել հագեցած ժամանցով օրը լցնելու ցանկության դեպքում այցելեք Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և ծանոթացեք հայոց հնագույն ժառանգությանը, Էրեբունի ամրոցի հիմնադրման սեպագրին, որը նաև Երևանի ծննդյան վկայականն է, ուրարտական մշակույթին և էնեոլիթյան ժամանակաշրջանի բնակատեղիին, որը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 4-3 հազարամյակներ: