ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին հայտարարել է․

«Իմ կողմից հրաժարական ներկայացնելը հանրության մոտ կարող է դիտարկվել որպես թուլության նշան։ Մի բան հաստատ է, որպես դատավոր որևէ ստորացուցիչ գործընթացի մասնակցելուց կտրականապես հրաժարվելու եմ, նույնիսկ պաշտոնից զրկվելու պարագայում»,- ասել է նա։

Դիտարկմանը, թե ի՞նչ նկատի ունի ստորացուցիչ գործընթաց ասելով, Վարդանյանը հստակեցրել է.

«Վեթինգ է, թե ինչ, կարծում եմ դատավորի համար ստորացուցիչ գործընթաց է, սա բացառապես իմ տեսակետն է, չեմ ցանկանում այդ առնչությամբ այլ կարծիք ունեցող կոլեգաներիս վիրավորել, բայց լավ, ովքե՞ր են այդ հարցերը մեզ տալու, ու արդյոք այդ հարցերը լսելն ու դրանց պատասխանելը նորմալ երևույթ է, համոզված եմ, որ ոչ»,- ասել է նա։

Վարդանյանը նշել է նաև, որ վաղուց այլ աշխատանքի անցնելու մտադրություն է ունեցել, սակայն դրանք կապված չեն ոչ վերջին իրադարձությունների և ոչ էլ 2018թ. ապրիլին տեղի ունեցած փոփոխությունների հետ։

Նշենք, որ Արշակ Վարդանյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի՝ 2018թ-ի հոկտեմբերի 24-ի հրամանագրով։ Մինչ այդ նա աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։