Մայիսի 23-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված ֆրանսիական շանսոնի հայազգի արքա Շառլ Ազնավուրին: Բանախոսությամբ հանդես կգա բանասեր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արծվի Բախչինյանը:

«Շառլ Ազնավուր, արտիստը և հայը» խորագիրը կրող բանախոսության ընթացքում բանախոսը կանդրադառնա Ազնավուրի կյանքի հայտնի և անհայտ դրվագներին՝ հանդիսականին նորովի ներկայացնելով Ազնավուր արվեստագետի դիմանկարը: Միջոցառման մասնակիցներին հնարավորություն կընձեռվի վայելել Շառլ Ազնավուրի լավագույն երգերը, բանաստեղծությունները և նրա մասնակցությամբ կինոնկարներից ծաղկաքաղ արված դրվագները: Անդրադարձ կկատարվի նաև Ազնավուրի գերդաստանի պատմությանը, մանկությանը, Հայ դատի և Հայաստանի հետ նրա ունեցած կապերին։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 19։00: Մուտքն ազատ է:

Նշենք, որ մայիսի 22-ին կլրանա շանսոնյեի ծննդյան 95-ամյակը։