Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներային ստորաբաժանումները մարտական ուսուցման հատուկ տակտիկական պարապմունքների անցկացման շրջանակներում գիշերային ժամերին մեքենայացված շարասյան շարժման երթուղիների ինժեներային հետախուզում են անցկացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում զորամիավորման կազմում դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան 100-կիլոմետրանոց երթի սկսվելուց առաջ ինժեներային զորքերի ստորաբաժանումները գիշերն ինժեներային ապահովման աշխատանքներ են կատարել կլիմայական բարդ պայմաններում:

Միավորման ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի շարասյան ընթացքի ամբողջ ճանապարհին պայթուցիկ առարկաների որոնման համար ականազերծման խմբերը ճանապարհի ինժեներային հետախուզում են կատարել «Կորշուն» ականորսիչների և հատուկ վարժեցված շների օգտագործմամբ:

Երթուղու գիշերային ինժեներային հետախուզմանը ներգրավվել էին շուրջ 50 զինծառայողներ և գործի էր դրվել 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: