ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է Պաշտպանության նախարարության «Զինուժ» մեդիա պետական հիմնարկ՝ միավորելով՝ «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ և «Սպայի տուն» պետական հիմնարկները:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՊՆ լրատվական դաշտում առկա խնդիրների լուծմամբ և մասնագիտական գործունեության էական բարեփոխմամբ:

«Զինուժ մեդիա» պետական հիմնարկի գործունեությունն ուղղված է լինելու բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտում պատասխանատու ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը։

«Միասնական լրագրողական թիմի ստեղծումը կենտրոնացված խմբագրման համակարգով, անհամեմատ կհեշտացնի ամբողջ կառույցի աշխատանքը թե՛ բովանդակային, թե՛ օպերատիվության առումով` դրական ազդելով տեղեկատվական արտադրանքի որակի վրա»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: