Համահայկական ազգային համաձայնությունը հայտարարում է․

«Խաբվածն՝ ինչպես միշտ, լինելու է ժողովուրդը։

Աքսիոմ-1
Հեղափոխություն՝ նշանակում է տնտեսաքաղաքական կացութաձևի փոփոխություն։ Սեփականատիրության նոր ֆորմացիա՝ վերաբաշխում, որից և բխում է կառավարման տնտեսաքաղաքական նոր համակարգ և նոր արժեհամակարգ։

Աքսիոմ-2
Իշխանություն՝ չի՛ նշանակում վարչապետական կամ նախագահական աթոռներ։ Իշխանություն՝ նշանակում է երկրի հիմնական հարստությունների սեփականություն։

Աքսիոմ-3
Վարչաօլիգարխիկ համակարգում, որտեղ իրական իշխանությունը գտնվում է երկրի հիմնական հարստություններին տիրացած սեփականատերերի ձեռքում, իշխանության դատական համակարգը չի՛ կարող չկատարել նրա՛նց կամքը։

Վերևում բերված տնտեսաքաղաքական չափորոշիչներով սահմանված երեք աքսիոմների հիմքով կարող են լինել միմիայն հետևյալ եզրակացությունները։

Ա - Վարչաօլիգարխիկ համակարգն է ծնում հրեշներ՝ առանցքային անձեր, և հին համակարգում գործող "հեղափոխական" նոր անձերը դառնալու են նո՛ր հրեշներ։
(Նոր գինին, եթե այն իսկապես նոր է, չի կարող հին տիկի մեջ տեղավորվել)։

Բ - Հայաստանի ժողովուրդը խաբված է․ նրա հավաքական ցանկությունը՝ հեղափոխություն՝ վարչաօլիգարխիկ համակարգի վերացում, իրականում տեղի չի՛ ունեցել։ Եվ, հեղափոխություն կատարած ժողովուրդն այդ հեղափոխության առաջնորդների կողմից խաբված է։
Հայաստանում, իրականում, տեղի է ունենում վարչաօլիգարխիկ անփոփոխ համակարգում առկա կլանների միջև անդրկուլիսյան պայքար՝ ռուսական և արևմտյան իրարամերժ կենտրոնների հովանավորության ներքո։

Գ - Այսօրվա "հեղափոխական" իշխանությունն անցումային է՝ ժամանակավոր է ու ինքը գիտե այդ մասին։

Համահայկական ազգային համաձայնությունը հայտարարում է՝

- Պետությունը որպես կառավարման գործիք չի կարելի թողնել վարչաօլիգարխիկ կլաններին, այլապես հայ մարդը, ՀՀ քաղաքացին իր երկրում քաղաքացի չէ, այլ հպատակ է։

- Երկրի ռազմավարական նշանակության միավորների և ոլորտների մենաշնորհային պատկանելիությունը տեղական կլաններին կամ օտարերկրյա ընկերություններին՝ Հայաստանը դարձնում են սուվերենությունից զուրկ տարածք։

- Պետք է ժողովրդին հետ վերադարձնել 1992-2018թթ-ի ընթացքում անիրավականորեն և ապօրինի կերպով օտարված ու մասնավորեցված նրա սեփականությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության անբաժան մասը կազմող ՀՀ Անկախության հռչակագրով։

- Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը ՀՀ քաղաքացիների անօտարելի սեփականությունն է։
Քաղաքացիական հարթակը պետք է ստանձնի պետության պատվիրատուի դերը, իսկ պետությունը՝ կատարողի դերը։

Չկա՝ ժողովրդավարություն կա, եթե ժողովուրդը զրկված է իր հողի, իր երկրի բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքից և դրանց շահագործումից չի ստանում շահույթաբաժին»։