Լիբանանահայ ալպինիստ Ավետիս Կալպակլյանը բարձրացել է աշխարհի ամենաբարձր գագաթն (8848) ունեցող լեռը՝ Էվերեստ։

Նշենք, որ Ավետիս Կալպակլյանը 7-րդ հայն է, ով բարձրացել է Էվերեստը։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ մեկ օր առաջ Էվերեստի գագաթ է բարձրացել նաև Լիբանանից Թիմա Տերյան անուն-ազգանունով աղջիկ, որը չի ընդունում իր հայ լինելը, բայց հայ է և սովորել է Հայկազյան վարժարանում:

Ավետիս Կալպակլյանն արդեն հասցրել է նվաճել Հյուսիսային Ամերիկայի Մակ Կինլիի գագաթը (6190 մետր), Ակոնկագուան Հարավային Ամերիկայում (6962 մ), Էլբրուսը (5642 մ) և Մոնբլանը (4810) Եվրոպայում, Ջայան Ավստրալիայում և Օկեանիայում (4884 մ), 4 անգամ բարձրացել է Արարատ լեռը։

Կալպակլյանը նշել է․

«Սար բարձրանալն իմ կիրքն է։ Ես ուժ եմ ստանում հենց սարերից, ինձ շատ լավ եմ զգում լեռ բարձրանալիս։ Եթե մի քանի օր բնության գրկում չեմ անցկացնում, վատ եմ զգում։ Երբ ինչ-որ երկրի անուն եմ լսում, ապա միանգամից սկսում եմ մտածել, թե որն է այդ երկրի ամենաբարձր լեռը։ Ու դա սևեռուն գաղափար է դառնում։

Որքան երկար ես գտնվում լեռան վրա, այնքան շատ փորձ ես ձեռք բերում։ Լավ պատրաստվածության դեպքում ես կարող եմ ցանկացած արգելք հաղթահարել։ Բայց հետդարձի ճանապարհի մասին միշտ պետք է հիշել, որ բնության ուժերն ավելի ուժեղ են, քան մարդը»։