Մայիսի 24-ին՝ Վերջին զանգի օրը, Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու դպրոցների մոտ ու միջոցառումների վայրերում: Այդ մասին սվում է Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հայտարարության մեջ:

«Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի որևէ միջադեպ չմթագնի մեր երեխաների համար այդքան կարևոր օրվա պայծառությունը:

Առաջին հերթին կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց: Ծնողներին խնդրում և հորդորում եմ՝ տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին, նաև ձեր ներկայությամբ կանխեք արկածախնդրության հնարավոր դրսևորումներն ու հետևանքները:

Վերջին զանգի միջոցառման օրն առավոտից Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցների մոտ ու միջոցառումների վայրերում: Մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները հասարակական կարգն ու մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ դրսևորվելու է խիստ ու անհանդուրժողական վերաբերմունք: