Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դիմել է վարչական դատարան։ Դատակա տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը և Ն. Ղարիբյանի «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը։

Պատասխանող կողմերն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մշակույթի նախարարությունը։ Գործով որպես երրորդ անձ ներգրաված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ -ը։ Գործը մայիսի 23-ին մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

Հիշեցնենք, որ Ն. Ղարիբյանի հրամանով Կ. Օրբելյանն ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից հիմք ընդունելով Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Նախարարի որոշումից դժգոհ օպեային թատրոնի անձնակազմը բողոքի ակցիաներ է իրականացնել, նրանց ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։