Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲԴԽ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արման Խաչատրյանը:
Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դիմումի տեքստը:
«Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով իմ լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից համարեք դադարած», - ասվում է տեքստում:
Նա մաղթել է հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում: