ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ աղմուկ բարձրացրած ատենախոսության հարցը:

Ավելի վաղ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հայտարարել էր, որ Ազարյանը 160 էջանոց իր ատենախոսության առնվազն 17 էջն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ատենախոսությունից, ընդ որում, ատենախոսության ղեկավարը երկուսի դեպքում էլ նույն մարդն է եղել:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասել է, որ քաղաքակիրթ աշխարհում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք գրագողության մեջ բռնվում են, հրաժարական են տալիս:

«Մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե ինքը հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում, առաջինը՝ երբ վարչապետը հրաժարական կտա: Համացանցում սկսեցին խոսել դատավորի էթիկայի մասին, կարճ ժամանակ անց իր հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց, որ ԱԺ-ում երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը՝ ըստ էության, նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին, կարծում եմ, նաեւ ինձ: Կարծում եմ, հարգարժան դատավորը որևէ կասկած չունի, որ առնվազն նույն ոճով ես կարող եմ պատասխանել իրեն, բայց զերծ կմնամ այդ մակարդակ տեղափոխվելուց և հույս ունեմ, որ դատավորները կհիշեն էթիկայի մասին», - ասել է Ազարյանը: