ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, մայիսի 27-ին կայացած նիստից հետո, հայտարարություն է տարածել, որում ևս կարևորել է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայմանը։

«Սակայն այն պետք է ունենա հստակ և հիմնավորող պատճառաբանված հայեցակարգ՝ տեսանելի ակնկալվող վերջնական արդյունքով։ Դատաիրավական բարեփոխումների արդյունավետություն հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով և իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքում», - ասվում է հայտարարության մեջ:

Դատավորների ընդհանուր ժողովը պարտադիր է համարել ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական իշխանության բարեփոխումներին միտված միջոցառումների շուրջ քննարկումներին՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի ընտրության և դրանց կապակցությամբ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման հարցում:

Ժողովը հայտարարել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ, ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով և կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ:

«Ուստի, դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիներին՝ դատաիրավական բարեփոխումներին ուղղված ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներից և Հայաստանի Հանարպետության՝ միջազգային պարտավորություններից, վեր կանգնել նեղ շահերից, բավարար երաշխիքներ նախատեսել շահագրգիռ անձանց իրավունքների ապահովման առումով և իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կարծիքի ազատ արտահայտումը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, որոնք խարխլում են դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը:

«Ուստի, դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն և կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող հայտարարություններից, դատավորների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից», - ասվում է հայտարարության մեջ:

Ժողովն արձանագրել է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում Դատավորների հավաքական կամքը և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը: