Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մայիսի 29-ի նիստի օրակարգում ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին» որոշման նախագիծն է:

ՀԾԿՀ է դիմել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ, Վահրամ Մարգարյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող ավտոգազալիցքավորման ճնշակայանների սպառված բնական գազի հաշվառման, գազասպառման սարքավորումների տեխնիկական սպասարկման համար համեմատ այլ ընկերությունների ավելի բարձր գին վճարելու, ծախսված բնական գազի դիմաց վճարման փաստաթղթերի ներկայացման, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության նախաձեռնությամբ առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափումը բաժանորդի հաշվին իրականացնելու համար։

Ընկերությունը դիմել է նաև ԱԳԼՃԿ-ներին ամրակցված G-650 և G-250 տիպի առևտրային հաշվառքի սարքերը G-160 տիպի առևտրային հաշվառքի սարքերով՝ առանց գնային արժեքների փոխհատուցման փոխարինելու, մատակարարված գազի դիմաց Ընկերության կողմից առանց վճարման (հաշվարկային) փաստաթղթի կանխավճար պահանջելու, Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի Գագարինի խճուղու 61/4 և 61/5 հասցեներում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարման դադարեցումը Հանձնաժողովի 2005թ-ի հուլիսի 8-ի №95Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ իրականացնելու և 2019թ-ի մարտի 7-ին սպառված գազի դիմաց վճարումներ իրականացնելուց հետո գազամատակարարումը չվերականգնելու վերաբերյալ:

Հանձնաժողովը որոշել է կանոններ խախտելու համար ընկերությանը նախազգուշացնել, հանձնարարել որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ մեկամսյա ժամկետում փոխհատուցել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափմանը վերաբերող չհիմնավորված ծախսերը և արդյունքների մասին տեղեկացնել հանձնաժողովին։

Որոշել է նաև, որ ընկերությունը պետք է սահմանված կարգով վերականգնի «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի Գագարինի խճուղու 61/4 և 61/5 հասցեներում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: