«Հետք»-ի կողմից կազմակերպված լաբորատոր փորձաքննությանը ներկայացված է եղել շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։

Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։

Գոյություն ունեն մի շարք որոշումներ և իրավական ակտեր, որոնք սահմանում են, թե ինչպիսին պետք է լինի անվտանգ կաթնամթերքը։

  • Կառավարության 2006թ դեկտեմբերի 21-ի ՝ «Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշման մեջ ասվում է՝ ժամկետի վերջում թթվասերի մեջ կաթնաթթվային մանրէները պետք է լինեն` 1x107 ԳԱՄ-ից ոչ պակաս:

Թթվասերի արտադրման մեջ արգելվում է բուսական յուղի օգտագործումը. այն համարվում է ցածրորակ հումք և օրգանիզմի կողմից հեշտ չի յուրացվում: Սակայն որոշ արտադրողներ այն կիրառում են, քանի որ բուսական յուղն էժան է։

Բուսական յուղ կարելի է օգտագործել թթվասերային ապրանքների մեջ, սակայն մակնշման մեջ արտադրողը պարտադիր պետք է նշի, որ դա ոչ թե թթվասեր է, այլ թթվասերային մթերք, որը պարունակում է բուսական յուղ:

Թթվասերի անվտանգությունը կարգավորվում է՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով, ՄՄ ՏԿ 033/2013՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգերով։

ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար սննդամթերքի համար պարտադիր է նաև EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, ինչը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։ Հատկապես պարտադիր է այդ նշանի առկայությունը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքի դեպքում։ Ըստ Հայաստանի կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման, կաթնամթերքը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք է՝ ռիսկայնության միավորը՝ 30։

Թթվասերը փորձաքննության է ներկայացվել 2018թ հունվարի 17-ին: Բոլոր նմուշները փորձաքննության պահին եղել են ժամկետի մեջ։
Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՄՄ ՏԿ 033/2013 («Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ) նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

  1. «Չանախ» ընկերության թթվասեր - Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Չանախ» թթվասերում կան աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչը վկայում է արտադրական պրոցեսում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին։ Այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
  2. «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» թթվասեր - Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Մարիաննա» թթվասերի մեջ առկա է բուսական յուղ, ինչը չի թույլատրվում օգտագործել թթվասերի արտադրության մեջ։ Ըստ մակնշման՝ այն թթվասեր է, ըստ փորձաքննության արդյունքների՝ թթվասերային արտադրանք և փաստացի կեղծված, քանի որ ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ բաղադրությունը չի համապատասխանում մակնշմանը։ Այն չի համապատասխանում սահմանված նորմերին և համարվում է կեղծված ապրանք։
  3. «Բիոկաթ» ընկերության թթվասեր - Փորձաքննության արդյունքների համաձայն՝ «Բիոկաթ» ընկերության թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։
  4. «Աշտարակ կաթ» ընկերության թթվասեր - Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «նվիրիր կյանք» գրությունը կրող «Աշտարակ կաթ»-ի թթվասերի մեջ խմորասնկերի քանակը 200 ԳԱՄ/գ է, ինչը 4 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորման։ Խմորասունկը սանիտարական ցուցանիշ է և վկայում է արտադրական պրոցեսում, ինչպես նաև՝ բուն արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին: Այն թթվասերային արտադրանք է, քանի որ պարունակում է անթույլատրելի բուսական յուղ և ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ համարվում է կեղծված: Այն չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
  5. «Թամարա» ընկերության թթվասեր - Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Թամարա» թթվասերը պարունակում է հակաբիոտիկ լևոմիցետին՝ 0,0004294 մգ/կգ (թույլատրելի նորման թթվասերի համար՝ < 0,0003 մգ/կգ, հեղ.)։ Այս նմուշը ևս չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
  6. «Թամարա և Անի» ընկերության «Սմետանա Մասլովնա» թթվասեր - Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Սմետանա Մասլովնա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։
  7. «Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերության «Արզնի կաթ» թթվասերային մթերք - Փորձաքննության արդյունքում պարզվում է, որ ապրանքն իրականում պարունակում է բուսական յուղ, ինչի մասին մակնշման մեջ գրված չէ։ Սա «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է մակնշման մասով. բաղադրությունը չի համապատասխանում մակնշմանը, և այս թթվասերային ապրանքը, ըստ այդմ, համարվում է կեղծված։ Այս նմուշը պարունակում է աղիքային ցուպիկ, չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
  8. «Բոնիլատ» ընկերության թթվասեր - «100% բնական արտադրանք» մակնշված «Բոնիլատ» թթվասերի մեջ խմորասնկերի քանակը 14 անգամ գերազանցում է թույլատրելի նորման (700 ԳԱՄ/գ է)։ Այս ապրանքը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
  9. «Մարիլա» ընկերության թթվասեր - Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մարիլա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։
  10. «Էջմիածին Կաթ» ընկերության «Թթվասեր Մոսկովյան Ընտիր» թթվասեր - Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Էջմիածին Կաթ» ընկերության թթվասերի մեջ առկա է աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ խմորասնկերի անթույլատրելի քանակ, որը 12 անգամ (600 ԳԱՄ/գ է) գերազանցում է նորման։ Այս նմուշը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։