Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սպասվում են մի շարք յուրահատուկ միջոցառումներ
Ամեն տարի հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը` այցելուներին ներկայացնելով հետաքրքիր միջոցառումների ծրագիր:
ԳԱԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, այս տարի Կենտրոնն առանձնահատուկ շուքով է նշելու հունիսի 1-ը, քանի որ 2019թ-ին լրանում է Կենտրոնի հիմնադրման տասնամյակը: Այս կապակցությամբ 2019թ-ին իրենց տասնամյակը նշող ավելի քան 200 դպրոցականներ փուչիկների օգնությամբ կպատկերեն ԳԱԿ 10-ամյակի պատկերանշանը: Բացի այդ, «Քո դրոշակը» ստեղծագործական ծրագրի շրջանակում երեխաները կպատրաստեն ԳԱԿ արվեստանմուշները պատկերող դրոշակներ:
Այցելուներին նաև հնարավորություն կընձեռվի մասնակցել «Ստեղծիր քո շրջայցը» նոր կրթական ծրագրին՝ ուսումնասիրելով Կենտրոնում ցուցադրված արվեստանմուշները և միաժամանակ կատարելով մի շարք ինտերակտիվ առաջադրանքներ:
Բոլոր այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվել խայտաբղետ կառնավալային կերպարներում, որոնք պատրաստվել են 2016թ-ին ԳԱԿ-ում Ռոբերտ Էլիբեկյանի «Արտացոլումներ» ցուցադրության հիման վրա՝ «Գարնանային կառնավալ» կրթական ծրագրի շրջանակում:
Ի լրումն, Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա բացօթյա համերգ Հայաստանի ամենահայտնի երիտասարդական էթնիկ ռոք խմբերից մեկի՝ ԹմբաԹա նվագախմբի կատարմամբ: Համերգից անմիջապես հետոայս տարի իրենց տասնամյակը նշողերեխաները լապտերների օգնությամբ կստեղծեն ԳԱԿ10-ամյակի պատկերանշանը:
Տոնական միջոցառումները կեզրափակվեն ճոխ հրավառությամբ: