Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում կատարվել է շուրջ 760 թերթ արժեքավոր վավերագրերի վերականգնման աշխատանք
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Հրովարտակների և վավերագրերի Մայր Դիվանում սկսվել են վերականգնման բաժնի ձևավորման, կահավորման աշխատանքները: Բաժինը շարունակաբար համալրվում է անհրաժեշտ սարքավորումներով (մամլիչներ և այլ գործիքներ) և նյութերով:
Աշխատանքներն իրականացվում են Երուսաղեմի Հայ Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի նախաձեռնությամբ և վերատեսչությամբ, և Մայր Դիվանի տնօրեն Արշակ Բանուչյանի ղեկավարությամբ: Մեկնարկել է արխիվային նյութերի մշակման, ախտահանման և վերանորոգման փուլը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։
Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի ղեկավարությամբ Երուսաղեմ գործուղված աշխատանքային խումբը (ավագ վերականգնողներ՝ Սուսաննա Կիրակոսյան և Էմմա Սարկիսովա) սկսել է արխիվային նյութերի վերականգնման և ամրակայման աշխատանքները: Կատարվել է շուրջ 760 թերթ արժեքավոր վավերագրերի վերականգնման աշխատանքներ, ինչպես օրինակ՝ Գրիգոր Շղթայակիր (1715–1749) և Թեոդորոս Վանեցի (1800-1818) պատրիարքների կոնդակներն ու նամակները: Ավարտին է մոտենում Սալահ ադ - Դինի (1174-1193) մագաղաթյա չափազանց արժեքավոր ֆերմանի նորոգումը:
Ձեռագրերի մշտադիտարկման և վերականգնման վերաբերյալ Գայանե Էլիազյանը կազմել է մասնագիտական եզրակացություն: Աշխատանքները կատարելու ընթացքում՝ մայիսի 18-ին Պատրիարք Հայրն ացելել է վերականգնման բաժին: Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը բարձր է գնահատել Մատենադարանից ժամանած մասնագետների աշխատանքը և հույս հայտնել, որ համագործակցությունը Պատրիարքարանի և Մատենադարանի միջև շարունակական կլինի։