Ծանրամարտի չեմպիոն Մել Դալուզյանը Ամստերդամում խանգարել է գողերին ու դանակահարվել
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը, ով գտնվում է Ամստերդամում, իր էջում հայտնել է, որ ծանրամարտի չեմպիոն Մել Դալուզյանը Ամստերդամում խանգարել է գողերին, և արդյունքում ստացել դանակով հարվածներ։
«Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, այսօր ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Իմ լավ ընկերը՝ Մելն այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել։
Մելն այժմ հոսպիտալում է, վիճակը՝ ստաբիլ։ Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը։
Հ.Գ. Մել Դալուզյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է, որ ներկայացրել է Հայաստանը։ Տրանսգենդեր ատլետը քաղաքական ապաստան է ստացել և երեք տարի է՝ բնակվում է Նիդեռլանդներում», - գրում է Արթուր Մինասյանը։