ՄԱԿ-ում Թավշյա հեղափոխությանը նվիրված ֆոտոցուցահանդես է բացվել
ՄԱԿ-ում մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանում 2018թ-ի գարնանը տեղի ունեցած խաղաղ քաղաքացիական շարժման, քայլարշավի, ցույցերի և երթերի ընթացքն ու զարգացումը պատկերող լուսանկարներ։
Միջոցառման բացմանը և դրան հաջորդած ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն անցյալ տարվա իրադարձությունները հիշատակելով որպես շրջադարձային փուլ հայոց պատմության մեջ՝ նշել է, որ մայիսի 28-ին Առաջին հանրապետությանը տոնը նշելը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձնահատուկ խորհուրդ է պարունակում։
Շեշտելով, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների խրախուսումը, քաղաքական և հասարակական կյանքում կանանց և երիտասարդների առաջխաղացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, Մհեր Մարգարյանը նշել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020-2022թթ-ի համար Հայաստանի թեկնածության առաջադրումը։
Միջոցառմանը մասնակցող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հյուրերին ներկայացրեց լուսանկարներում պատկերված իրադարձությունների ընթացքը, ինչպես նաև՝ արտաքին հարաբերությունների ոլորտում խորհրդարանական գործունեությունը։