Ջրօգտագործողները պետությանը մոտ 3 մլրդ դրամի վնաս են պատճառել
ՀՀ տարածքում գործող, շահույթ չհետապնդող ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում չարաշահումների դեպքերով պետությանը մոտ 3 մլրդ դրամի վնաս է պատճառվել, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարիներ շարունակ ՋՕԸ-ների մասնակցությամբ ձևավորվել և գործել են չարաշահումների կոռուպցիոն սխեմաներ, որոնց միջոցով կեղծվել են ջրօգտագործման մատուցման ծառայությունների, մատակարարված ջրաքանակի, կրած վնասների տվյալները, յուրացվել պետական բյուջեից ստացված սուբսիդավորման գումարները:
Ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում արձանագրված չարաշահումների՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության (315-րդ հոդվածի 2-րդ մաս) վերաբերյալ 2018-2019թթ-ի ընթացքում հարուցվել է 11 քրեական գործ:
Վերջիններիս ուսումնասիրությունը փաստում է, որ 2016-2018թթ-ի ընթացքում ինչպես միասնական, այնպես էլ առանձին իրավաբանական անձանց կարգավիճակներով գործող, շահույթ չհետապնդող մի քանի ՋՕԸ-ների տնօրենները, օգտվելով ՀՀ ԷԵԲՊ նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու, ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքից, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտել են բաժանորդների հետ կնքված 2016-2018թթ-ի ընթացքում ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները:
Առանց ջրաչափեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել են հեկտարներով: Դրանով նրանք բաժանորդներին փաստացի զրկել են մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից, կատարել են հավելագրումեր, որից հետո այդ տվյալները ներառելով էլեկտրոնային մատյաններում իբրև մատակարարված ջրի, ծառայությունների և բաժանորդներից գանձվող գումարային պարտքերի տվյալներ, փաստացի ուռճացրել են մատուցված ծառայությունների ծավալները:
Այնուհետև, վերը նշված արհեստական եղանակով գոյացած ջրօգտագործողների պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար, 2016-2017թթ. ՀՀ բյուջեից սուբսիդավորված, ընկերությունների հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները հաշվապահորեն ձևակերպել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում:
Միևնույն ժամանակ նրանք վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ ձևական պայմանագրեր են կնքել, որոնցով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել: Բացի այդ, քաղաքացիների՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում, կեղծ աշխատանքային պայմանագրեր կազմելու եղանակով, նրանց հրամանագրել են որպես ջրբաշխներ և նրանց փաստացի չկատարած աշխատանքի դիմաց դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի գումարները յուրացրել են:
Արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործերը վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում գործող առանձին ջրօգտագործող ընկերությունների գործունեությանը:
Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և պատասխանատու անձանց պարզելու ուղղությամբ։