Բաբկեն Ղազարյան. «Դանիել Իոաննիսյանը հստակ նպատակադրումով պախարակելու գործընթաց է սկսել իմ և ԱԱԾ տնօրենի անձի և գործունեության նկատմամբ»
ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի վերջերս արած հայտարարությանը։
Բաբկեն Ղազարյանի հայտարարությունում մասնավորապես ասում է.
«Մայիսի 22-ին Դանիել Իոաննիսյանը հրապարակային քննարկման ժամանակ զրպարտել է ինձ՝ հայտնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնք արատավորել են իմ պատիվն ու արժանապատվությունը: Իոաննիսյանը, մասնավորապես, հայտարարել է.
«Նախկինում մենք չենք տեսել դեպքեր, որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: …Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն անուն ազգանուները ես չգիտեմ մականուններով են ասում՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ, այսինքն էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում քան նախկինում...»:
Իոաննիսյանի՝ այսպես կոչված տեսակետը լայն հասարակական արձագանք է ստացել միջոցառմանը ներկա մեծ քանակությամբ զանգվածային լրատվամիջոցների կողմից: Վերջինս, սակայն, շարունակում է իմ մասին զրպարտչական տեղեկությունների տարածումը, ինչը վկայում է հստակ միտված քայլերի մասին, քանի որ ստահոդ լուրերն իբրև անհերքելի ճշմարտություն մատուցելու անթաքույց մղումներն այդքանով չեն սահմանափակվել և առաջին փորձին հաջորդել է ևս մեկը՝ անտեսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ մայիսի 24-ին հնչեցրած պարզաբանումը թեմայի մասին, ըստ որի՝ ԱԱԾ ղեկավարն, անդրադառնալով իմ՝ քրեական հեղինակություն հանդիսանալու և ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին Իոաննիսյանի պնդումներին, նշել էր, որ Բաբկեն Ղազարյանը ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, և շփումը եղել է ի պաշտոնե:
Ա. Վանեցյանի հայտարարությունից անմիջապես հետո Իոաննիսյանը մայիսի 25-ին կրկին նույնաբովանդակ տեսակետներ է հնչեցրել: Փաստորեն, Իոաննիսյանը շարունակում է զրպարտել ինձ՝ տարածելով ակնհայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և անտեսելով ԱԱԾ պետի պարզաբանումը իր հերյուրանքների հետ կապված: Հետևաբար, հաշվի առնելով իմ անցած աշխատանքային ուղին և ձեռքբերումները, մտավախություն ունենալով, որ չփաստարկված տեղեկությունների, պարզապես հերյուրանքների տարածումը ԶԼՄ-ներով և դրանք անարձագանք թողնելը կարող են հանիրավի ստվեր նետել իմ պատվի և արժանապատվության վրա, հարկ եմ համարում հիշեցնել հասարակության լայն զանգվածներին, որ Իոաննիսյանը հստակ նպատակադրումով պախարակելու գործընթաց է սկսել՝ ինչպես իմ, այնպես էլ ԱԱԾ տնօրենի անձի և գործունեության նկատմամբ:
Այսինքն՝ փորձ է արվում, անտեսելով պետական կառավարման համակարգում իմ աշխատանքային երկարամյա գործունեությունը, ստվեր նետել իմ անձի վրա: Հետևաբար անհրաժեշտ եմ համարում հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնել, որ ես ոչ թե քրեական հեղինակություն եմ, ինչպես հայտարարում է Իոաննիսյանը, այլ Բաբկեն Ղազարյանը, ով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում երկարամյա արդյունավետ գործունեություն է իրականացրել՝ նպաստելով մաքսային բարեփոխումներին նպատակաուղղված բազմաթիվ հաջողված միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում էապես բարելավվել են մաքսային ընթացակարգերը՝ դառնալով արագ, արդյունավետ ու որակյալ:
Ավարտել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, գերազանցությամբ ավարտել եմ նաև Ռուսաստանի մաքսային ակադեմիան՝ կատարելագործելով մաքսային ոլորտում գիտելիքներս ու փորձառությունս: Գերազանց և բարեխիղճ ծառայության համար ինձ շնորհվել է մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում, պարգևատրվել եմ նաև հուշամեդալներով: Իմ գործունեությամբ հասարակության կողմից մշտապես ընկալվել եմ որպես պատշաճ վարքագիծ ունեցող, օրինապահ քաղաքացի:
Եվս մեկ անգամ փաստում եմ, որ Դանիել Իոաննիսյանի կողմից իմ անձի վերաբերյալ արված հայտարարությունները զրպարտություն են, չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն միտված են ինձ վարկաբեկելուն, ուստի դիմել եմ դատարան՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու նպատակով: Հաշվի առնելով հանգամանքը, որ զրպարտությունը տարածվել է հրապարակային միջոցառման ժամանակ՝ լրագրողների ներկայությամբ, ինչն ապահովել է կեղծ տեղեկատվության արագ տարածումն ու հանրության լայն շրջանակներին հասանելիությունը, որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում՝ պահանջելու եմ պարտավորեցնել Իոաննիսյանին՝ նույն կերպ` լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները՝ հրապարակելով հերքման տեքստն ամբողջությամբ, ինչպես նաև բռնագանձել երկու միլիոն դրամ, ինչը կօգտագործվի բարեգործական նպատակներով»։