Կվերականգնվի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնապատը
Վարդանյան ընտանիքը պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով իրականացնել Երևանում գտնվող Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնապատի վերականգնումը։
Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում է: Ինչպես կամայական շինարարական, վերականգնման կամ նորոգման աշխատանքներ օրենքով սահամանված կարգով անհրաժեշտ է իրականացնել մասնագետի կողմից նախագծված և փորձաքննված նախագծով: Երեկ Վարդանյան ընտանիքի հետ քննարկեցինք արձանի հետնապատի վերականգնման հարցը, Վարդանյան ընտանիքը պատրաստակամություն հայտնեց իր միջոցներով իրականացնել հուշարձանի վերականգնումը, ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը և փորձաքննությունը, ինչպես նաև հետագա վերականգնման աշխատանքները»։
Հիշեցնենք, որ հուշարձանի հետևի մասում գտնվող այգին վերակառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հանգստի գոտու կառուցման համար ծախսվել է 5 մլն 300 հազար դոլար։
Հուշարձանի հետ կապցած խնդրին նախօրեին կառավարության նիստում նաև անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Մյասնիկյանի արձանը տեղադրվել է 1980թ-ին, ի պատիվ հայ կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի։ Հուշարձանը կառուցված է գրանիտից ու բազալտից, բարձրությունը 8,6 մետր է։ Արձանի հետնամասում գտնվող պատերից մեկի վրա փորագրված է Եղիշե Չարենցի Մյասնիկյանի հիշատակին 1936թ-ի ապրիլի 16-ին գրված քառատողի առաջին տողը.
«Նայիրյան արևն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած»։