Նախագահական նստավայրում հյուրընկալվել են մենթալ թվաբանության օլիմպիադայի հաղթող երեխաները
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են մենթալ թվաբանության միջազգային ու հայաստանյան օլիմպիադայի հաղթող մի խումբ երեխաներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է փոքրիկ հյուրերին, զրուցել, հետաքրքրվել նրանց նախասիրություններով: Երեխաները նախագահին պատմել են օլիմպիադաներում իրենց հաղթանակների, նախընտրած մասնագիտությունների ու երազանքների մասին:
«Եթե լավ մաթեմատիկա գիտեք, կարող եք լավ ատամնաբույժ, ֆիզիկոս, ծրագրավորող դառնալ: Ցանկացած բան՝ ընդհուպ մինչև լավ երաժիշտ: Մաթեմատիկան անհրաժեշտ է և կարևոր բոլորի համար»,- դիմելով փոքրիկներին՝ ասել է նախագահը:
Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին նվերներ է հանձնել՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս երեխաները հպարտանալու շատ առիթներ կտան՝ հաղթանակներ տոնելով տարբեր միջազգային օլիմպիադաներում: