Ադրբեջանից Վրաստանի գրադարաններ են ուղարկվում հայերի նկատմամբ ատելություն քարոզող գրականություն
Ադրբեջանը Վրաստանի գրադարաններին է մատակարարում հայերի նկատմամբ ատելության խոսք պարունակող գրքեր: Թեև գրադարանները դրանում ոչ մի խնդիր չեն տեսնում, սակայն Վրաստանի որոշ ադրբեջանցիներ վախենում են, որ այն կարող է օժանդակել էթնիկ լարվածության սերմանմանը: Այս մասին գրում է OC Media կովկասյան լրատվական կենտրոնը։
Նշվում է, որ Վրաստանի Մառնեուլի քաղաքի գրադարանում հայերի նկատմամբ ատելությամբ, տարածքային հավակնություններով լի գիրքն անգամ զարմացրել է Մառնեուլիում ապրող ադրբեջանցուն։
«Երբ այցելեցի Մառնեուլի գրադարան, ես տեսա Ազիզ Ալաքբարլիի կողմից գրված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձաններ»-ի մասին գիրք: Կարծեցի, գիրքը պետք է լինի Ադրբեջանի արևմուտքում գտնվող պատմական հուշարձանների մասին: Սակայն, երբ կարդացի գիրքը, պարզ դարձավ, որ գիրքը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների մասին է: Գիրքը պարունակում էր հայերի նկատմամբ թշնամանքի տարրեր»,- ասել է Վրաստանի ադրբեջանցի Իմրան Ջաֆարովը։
Գրադարանում առկա են նաև քարոզչական այլ նյութեր, որոնք կարելի է բաժանել երեք խմբի. ատելության խոսք՝ ուղղված Հայաստանին և հայերին, աջակցություն Իրանի դեմ անջատողական և տարածքային պահանջներին և իշխող Իլհամ Ալիևի ընտանիքի քարոզչությունը:
Գրադարանում առկա է նաև «Հայերն ու փաստերը» վերնագրված գիրք, որն, ինչպես ասվում է հոդվածում, ծայրահեղական ատելություն է տարածում հայերի նկատմամբ ամեն էջում։ Գրքի 1925-րդ էջում հայերին նկարագրում են որպես «ցիգաններ» ու «ստրուկներ»։ Նշվում է, թե հայերը Կովկասում նորեկներ են ու «կգա ժամանակ, երբ հայերը կլինեն անիծված մարդկության կողմից ու կհիշվեն գիտնականների կողմից»։
Նշենք, որ քարոզչական այս գրականությունը հրատարակված է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրամանով։
Գրադարանի տնօրեն Լանա Խաշալաշվիլին OC Media-ին ասել է, որ իրենք տեղյակ չեն եղել գրքերում ատելության խոսքի մասին։ Ինչպես պարզ է դարձել ավելի ուշ՝ այդ գրքերը հասանելի են ոչ միայն այս գրադարանում, այլ նաև Վրաստանի Ազգային ժողովի գրադարանում, Թբիլիսիի Պետական համալսարանում և այլն։
Վրաստանում ապրող արմատներով ադրբեջանցի ակտիվիստ Աիդա Թագիևան կարծում է, որ այս գրքերը պետք է դուրս բերվեն գրադարաններից ու Վրաստանի կառավարությունը պետք է արգելի նման գրքեր Վրաստան բերելը։
«Ադրբեջանի կողմից իրակացվող ճնշման արդյունքում Վրաստանի ադրբեջանցիների 80 տոկոսը ինչ-որ չափի ատելություն ունի հայերի նկատմամբ։ Թեև դա ակնհայտ չէ արտաքինից, այն զգացվում է որոշակի համատեքստերում։ Ադրբեջանի կառավարությունը մեզ դիտում է որպես իր մաս։ Հայերի նկատմամբ ատելությամբ լցված Վրաստանի ադրբեջանցիներն օգտակար են Ադրբեջանի կառավարությանը։ Երբ որ կոնֆլիկտ առաջանա, նրանք կօգտագործեն այն իրենց շահերի համար»,- OC Media-ին ասել է Թագիևան ու հավելել, որ արդարությունը չի ծնվում ատելությունից և խնդիրները ոչ թե իրենք են լուծելու, այլ պետությունները։