Սիմֆերոպոլի օդանավակայանն այսուհետ կկոչվի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանակոչվել է հայտնի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով:
«Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը Հովհաննես Այվազովսկու պատվին անվանակոչելը շատ կարևոր իրադարձություն է մեզ համար: Առաջիկայում դրան նվիրված հանդիսավոր արարողություն կկազմակերպվի, որին կներկայացվեն նաև այն նոր տարրերը, որոնք առաջիկայում հայտնվելու են օդանավակայանի տարածքում և ծանոթացնելու են այցելուներին նկարչի և նրա ստեղծագործությունների հետ: Հատուկ անակնկալներ են նախատեսված այդ օրը մեկնող ուղևորների համար»,- ասվում է օդանավակայանի պաշտոնական հայտարարության մեջ:
Նույն հրամանագրով Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանին շնորհվել է մեծանուն ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի անունը, իսկ Դոմոդեդովոն այսուհտ կլինի հայտնի գիտնական Միխայիլ Լոմոնոսովի անվան: Վնուկովո օդանավակայանն անվանակոչվել է ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևի անունով: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Արվեստի, գիտության և մշակույթի հայտնի գործիչների անուններով է անվանակոչվել ՌԴ ևս 43 օդանավակայան: Նախագահի հրամանագրում նշվում է, որ բոլոր այն գործիչները, որոնց անուններով են կոչվել օդանավակայանները, «հատուկ ծառայություններ են մատուցել հայրենիքին», գրում է ՌԲԿ-ն:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ մայիսի 31-ից: