Սինգապուրում ծխախոտի դեմ պայքարի օրենքի փոփոխությունների արդյունքում փետրվարի 1-ից անօրինական է համարվում ու բարձր տուգանքներ է սահմանվում անգամ էլեկտրոնային ծխախոտների սարքեր գնելու ու ունենալու համար:

Նոր փոփոխություններով, յուրաքանչյուրը, ում կբռնացնեն նման արտադրանքներ գնելիս, օգտագործելիս կամ ուղղակի ունենալիս, կտուգանվեն 2000 դոլարով, հայտնել է առողջապահության նախարարությունը: Ներկայումս ծխելու համար նախատեսված ապրանքների ներմուծումը, վաճառքն ու տարածումը Սինգապուրում անօրինական է: Այս մասին հայտնել է www.thejakartapost.com-ը։

Այս օրենքը խախտողներին սպառնում է մինչև 6 ամիս ազատազրկում կամ առաջին անգամ 10 հազար դոլար տուգանք: «Հանցանքի» կրկնության դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում է: Օրենքի այս փոփոխությունները խորհրդարանն ընդունել էր նախորդ տարվա նոյեմբերին:

Սինգապուրը ծխախոտի դեմ պայքարում է 1970թ.-ից, երբ արգելվեցին ավտոբուսներում, թատրոններում ու կինոթատրոններում ծխելը: 1970թ.-ից ի վեր ծխելու համար նախատեսված տարածքները կտրուկ սահմանափակվել են: Օրինախախտների համար նախատեսված է 150-ից մինչև 800 դոլարի տուգանք: