Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ է արել բոյկոտել ԱԺ նախկին պատգամավոր, Մանվել Գրիգորյանի սրճարանն և անգամ ամռան շոգին մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից։ Այդ մասին նա ասել է իր ֆեյսբուքյան եթերում:

Դիանա Գասպարյանը տեղեկացրել է, որ էջմիածնի քաղաքապետարանը չի երկարացրել Մանվել Գրիգորյանի մերձավորների սրճարանի վարձակալության պայմանագիրը, այլ միջոցներ է ձեռնարկում պայմանագիրը լուծարելու համար:

Նա հայտնել է, որ Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի տարածքը Մանվել Գրիգորյանի մերձավորներին վարձակալությամբ է տրվել 2003թ-ին 25 տարով՝ սրճարան կառուցելու նպատակով: Վարձակալության համար գանձվում է տարեկան 23.000 դրամ: Պայմանագրով փոփոխության ենթակա է միայն վարձավճարի չափը։ Ուստի քաղաքապետարանը որոշել է վարձակալության համար պահանջել տարեկան մոտ 7մլն դրամ։

«Բոլորի համար պարզ է, որ ամառվա ամիսներին այդ սրճարանը չի կարող նման եկամուտ ապահովել և տարեկան 7մլն դրամ վճարել բյուջե։ Ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել՝ բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, անգամ ամռան ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»,- ասում է քաղաքապետը: Նա, սակայն, նշել է նաև, որ հնարավոր է վարձակալը համաձայնի վճարել 7մլն դրամ և պայմանագիրը չլուծարվի։