ՀՀ ԱԺ-ն հունիսի 3-ի նիստում ընդունել է կառավարության «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ներկրվող ցեմենտի վրա 14,000 դրամի տուրք է սահմանվում:

Մինչև քվեարկությունը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգով ելույթում հայտնել է, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ՝ պնդելով, որ օրենքը խախտմամբ են ընդունելու:

«Այսինքն՝ ասում են՝ մենք իրավունք չունենք այն վեց ամսից շուտ ուժի մեջ մտցնել: Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Մենք 20 րոպե նիստը ընդմիջեցինք, որ այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության: Ցավոք, քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչը ինչու ենք անում ու ինչի համար ենք անում»,- ասել է Թունյանը:

Օրենքին կողմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որը նախորդ նիստերում բողոքում էր այդ նախագծից: